ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Նոր թատրոն ստեղծելու կարիք չկա, պարո՛ն Չալդրանյան»

«Նոր թատրոն ստեղծելու կարիք չկա, պարո՛ն Չալդրանյան»
30.11.2018 | 00:33

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, դեկտեմբերի 1-ից հայտարարում են անժամկետ նախազգուշական գործադուլ: Պահանջը հետևյալն է` Վիգեն Չալդրանյանը պետք է հեռանա թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:


Համազգային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ գնալու են մինչև վերջ, և բացեց պատմության կծիկը: Երկու տարի առաջ առանց թատրոնի ստեղծագործական խմբի կարծիքը հարցնելու, առանց խորհրդակցելու, շատ անսպասելի, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրել է Համազգայինի ապագա գեղարվեստական ղեկավարին: «Շոկային էր մեզ համար, հեռուստատեսության ներկայութամբ կոռեկտ չհամարեցինք ինչ-որ բան ասել, բայց անմիջապես հետո մեր բողոքը հայտնեցինք և՛ նախարարին, և՛ ապագա գեղարվեստական ղեկավարին: Իսկ արդեն ծրագրային ելույթը լսելուց հետո բացահայտ ասացինք, որ չենք ուզում կառավարես թատրոնը»: Չալդրանյանը խոստանում է, որ գնալու է Ամերիկա, գործերն ավարտի, և եթե մեկ ամիս հետո սառն ուղեղով դատելուց հետո, զանգեն ու պնդեն իրենց պահանջը, ինքը չի վերադառնա: Մեկ ամսից պահանջը կրկնում են, բայց ի պատասխան Չալդրանյանն ասում է, որ իրեն նախարարն է նշանակել, նա էլ պետք է հետ կանչի: «Նախարարը ձեռքը խփեց սեղանին և ասաց` այսպես է լինելու և վերջ, և արեց մի զարմանալի հայտարարություն` վերջապես ձեր թատրոնին լուրջ կվերաբերվեն: Ստացվում է, որ 25 տարի մեր թատրոնին անլուրջ են վերաբերվել: Եվ հետևեց հաջորդ անհեթեթ ձևակերպումը` ձեր թատրոնում մթնոլորտ չկա, օրինակ, որ ընկերոջս ասեմ` կնոջդ վերցրու, գնանք Դավիթենց թատրոն շամպայն խմենք,- հստակեցրեց դերասանը և հավելեց։- Թատրոնը շամպայն խմելու տեղ չէ, պարոնայք պետական այրեր, թատրոնը մարդկային փոխհարաբերություններ ցուցադրելու, մարդկային փոխհարաբերություններ «վաճառելու» տարածք է, մենք երեկոյան դա ենք վաճառում հանդիսատեսին: Եվ եթե թատրոնի ներսում չեն ստացվում մարդկային հարաբերություններ, երեկոյան մեր վաճառած փոխհարաբերությունները կեղծ են, և այդ բեմից արդեն տհաճ հոտ է գալիս»:


Ինչևէ, թատրոնում կրքերը գնալով բորբոքվում են, իսկ Չալդրանյանը ստանում է նաև տնօրենի պաշտոնը: Այսօր արդեն պարզվել է որ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի համաձայն` նույն մարդը չի կարող լինել և՛ տնօրեն, և՛ գեղարվեստական ղեկավար: ՈՒշացած այս բացահայտումից հետո Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից և հայտարարել, որ հրաժարվում է ոչ թե դերասանների պահանջով, այլ օրենքի ուժով: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է Սուրեն Շահվերդյանը: Այս մասին Համազգայինի դերասանները պատահաբար են իմացել ու համարում են դա հերթական սադրիչ քայլը:


Երկու խոսք այն մասին, թե ինչու է անհնար ներկայիս տնօրենի հետ աշխատելը:
«Թատրոն մտնելու առաջին իսկ օրից իր ծրագրային ելույթում պարոն Չալդրանյանը հայտարեց, որ եկել է նոր թատրոն ստեղծելու: Նոր թատրոն ստեղծելու կարիք չկա, պարոն Չալդրանյան, մենք ունենք մեր թատրոնը` իր էսթետիկայով, իր գեղարվեստական մտածողությամբ, որը կարող է մեկին դուր գալ, մեկին անճաշակ թվալ, մեկին` անլուրջ, բայց մենք ունենք մեր տեսակը, և այդ տեսակը ստեղծվել է տառապանքի գնով, ստեղծվել է հզոր անհատների կողմից` Սոս Սարգսյան, Շահում Ղազարյան, Մայիս Կարագյոզյան, Հրաչյա Գասպարյան, Կարեն Ջանիբեկյան, Գալյա Նովենց, թույլ տվեք ասել` Դավիթ Հակոբյան, Կարինե Ջանջուղազյան, և երկրորդ անգամ վերածնվել է այս երիտասարդ սերնդի շնոհիվ, որ բառիս բուն իմաստով մեծացել-աճել է այդ հզորների կողքին,- ասաց Դավիթ Հակոբյանը, և հավելեց, որ ամբողջ թատրոնով խնդրել էին չհանել Սոս Սարգսյանի մեծադիր պատկերը, կարելի՞ էր հարգել գոնե այդ խնդրանքը:- Բայց` ոչ, դա անճաշակ է, բերվեց ինչ-որ անհասկանալի արձան և դրվեց ոչ ավել-ոչ պակաս «ռոյալի կռիշկայի» վրա: Ռոյալը նվագելու՛ համար է»:


ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ հավելեց. «Չալդրանյանն ասաց` ես ձեզ խավիար էի տալիս, դուք ասացիք` հաց ու պանիր ենք ուզում, ես ձեզ շորեր հագցրի, ասացիք` չէ, մենք տրեխներով ենք ուզում ապրել: Ակնարկը Սոս Սարգսյանին է ուղղված, իսկ Սոս Սարգսյանի հիշատակը մենք ենք, մեր թատրոնը, որը կազմաքանդում է ինքը: Գուցե լավ ռեժիսոր է, ես մեծ սիրով եմ աշխատել իր հետո որպես դերասան, բայց դա չի նշանակում, թե ինքը կարող է թատրոն ղեկավարել: Ինքը թատրոնը չի ճանաչում: Մեզ հուդա ու ահաբեկիչ է որակել (երևի ինքը կիսաստված է, մենք չգիտենք): Որևէ ստեղծագործողի հարցրեք` ո՞վ է Վիգեն Չալդրանյանը` մեծամիտ, ինքնահավան, ինքնասիրահարված... Այնպիսի տպավորություն է, որ լեռան ստորոտին նստած, ամպերը հետ է քաշում, որ մեզ տեսնի: Թատրոնը ընտանիք է: Մենք ուզում ենք նորմալ փոխհարաբերություններ»:


ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ փաստեց, որ համազգայինի դահլիճները դարձել են կիսադատարկ, երկու տարում երկու նոր ներկայացում են ունեցել, որից մեկը` ամանորյա ներկայացումը, վստահվել է ուսանողի (որ անվճար բեմադրի), արդյունքում ունեցել են խայտառակ ներկայացում: Հյուրախաղերի չեն մեկնում, փառատոների չեն մասնակցում: Տաթևիկ Ղազարյանը համոզված է` Չալդրանյանը, նախ և առաջ վատ տնօրեն է:
Սոս Սարգսյանի այրին` ՆԵԼԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ներկա էր ասուլիսին. անսալով լրագրողների խնդրանքին, նա նույնպես իր խոսքն ու մտահոգությունը հայտնեց, մասնավորապես նշելով, որ թատրոնի ներկայացումները մաշվում են. «Հարցրել եմ Վիգենին` աշխատու՞մ ես դերասանների առոգանության, ձայնի, ինտոնացիայի վրա, պարզվում է` ոչ, որովհետև իրեն դա չի հետաքրքրում: Չգիտի կամ չի ուզում»:


Հավելենք, որ Համազգայինի դերասանները գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տեսնում են Նարինե Գրիգորյանին, տնօրենի` Արման Նավասարդյանին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ